17 մայիսի 2022 - 11:16 AMT
Երևանում վաղ առավոտից փողոցներ են փակում․ 155 բերման ենթարկված կա

Մայիսի 17-ի վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը վերսկսել է անհնազանդության ակցիաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները փակում են փողոցներ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը, կան բերման ենթարկվածներ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Լարված է եղել նաև Իսահակյանի փողոցում։ Երբ կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակցիայի մասնակից տղամարդկանց, փողոցը կրկին փակել են տեղում մնացած կանայք, հայտնում է «Փաստինֆոն»։

Ոստիկանները բերման են ենթարկել 155 քաղաքացու, ասել են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բերման ենթարկվածների թվում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Հայրենիք» կուսակցության անդամներ և այլոք։