Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին։
Իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին, մուտքը թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-ից 24:00-ն:
2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:
Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: