17 մայիսի 2022 - 15:06 AMT
Լինգով շտապօգնության բժշկին հարվածած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Լինգով շտապօգնության բժշկին հարվածած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել։ Նա խոստովանական բացատրություն է տվել, տեղեկացնում է ոստիկանությունը։

Մայիսի 16-ին` ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին:

Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ԳՈւՎ» ախտորոշմամբ (գանգուղեղային վնասվածքը) բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարած տղամարդու ինքնությունը, նա բերման է ենթարկվել բաժին և խոստովանական բացատրություն տվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: