18 մայիսի 2022 - 12:05 AMT
ՄԻՊ․ Բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին չմասնակցած անձինք՝ ճամփեզրերից, մայթերից

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մինչ այս պահը ԶԼՄ հրապարակումների և տեսանյութերի ամփոփման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճամփեզրերից, մայթերից։

Պաշտպանի դիտարկմամբ անընդունելի է համատարած ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։

«Մյուս կողմից, ակցիաների մասնակիցները պարտավոր են կատարել ոստիկանության ծառայողների հասցեական ու հստակ պահանջը՝ խուսափելով վարչական ձերբակալումից։

Միաժամանակ, պետք է նշել, որ այսօրվա մինչ այս ժամի մշտադիտարկմամբ ակնհայտ է, որ որոշ դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիաների մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ այն կատարելու համար, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում»,-ասվում է հայտարարության մեջ:

Երևանում վաղ առավոտից վերսկսվել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարները բերման են ենթարկվում քաղաքի տարբեր հատվածներից։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։