18 մայիսի 2022 - 14:49 AMT
Նախագիծ․ Գույքի բռնագանձման օրենքում առաջարկվում է ընդլայնել պաշտոնատար անձ հասկացությունը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը։ Նախատեսվում է բացի պաշտոնյաներից այդ հասկացության տակ ներառել նաև նրանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն։

Նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ըստ Գալյանի՝ վերջին երկու տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ որոշ գործերի ուսումնասիրությունը, ելնելով դրանց բարդությունից և օբյեկտիվ խնդիրներից, ողջամիտ չէ ավարտել 2 տարում: Ուստի առաջարկվել է ուսումնասիրության համար 3 տարի սահմանել և այդ փոփոխությունը տարածել նաև չավարտված ուսումնասիրությունների վրա:

Առաջարկվել է նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում չավարտված մոտ 300 և ավարտված 20 ուսումնասիրություն կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Նիստերը լինելու են հրապարակային:

Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում ևս պետք է մուտք արվի դատարան: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում հաշտության համաձայնությունների շուրջ, մոտ ապագայում հաշտության բանակցությունների թիվը կաճի: