18 մայիսի 2022 - 18:59 AMT
Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Լիտվայի նախագահը

Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կլինի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդենեի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Լիտվայի նախագահի այցը տարածաշրջանային է։ Մայիսի 18-ին Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։