6 ապրիլի 2009 - 21:28 AMT
Արամ Սաթյան. «Մեզ պետք չէ լուրջ արվեստ, քանի որ այսօր ամեն ինչ չափվում է փոփ երաժշտությամբ»
Երգահան Արամ Սաթյանն այսօր կատարվող երգերի ցածր մակարդակի պատճառներից մեկը համարում է Հայաստանի Կոմպոզիտորների միության անգործությունը, իսկ վերջինս պարտավոր է քննարկել յուրաքանչյուր նոր երգ: Երգահանը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը, որին ներկա էր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Էդուարդ Թոփչյանը ցավով նշեց, որ կատարվող երգերի պրոֆեսիոնալ որակի հսկողությունը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ քննարկումներն անիմաստ են, քանի որ այսօրվա կատարողների մեծամասնության ռեպերտուարում բացակայում են որակյալ ստեղծագործությունները:

Արամ Սաթյանի խոսքով, դատելով այն բանից, թե ինչպիսի երգեր են այսօր հնչում ռադիո- եւ հեռուստատեսությամբ, «այսօր մեզ պետք չէ լուրջ արվեստ, քանի որ ժամանակակից կատարողներն ու նրանց կատարումների գնահատողներն արդեն սովորել են ամեն ինչ չափել փոփ երաժշտությամբ»:

Էդուարդ Թոփչյանը համոզված է, որ իմաստ չունի փնտրել մեղավորներին, քանի որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը, ունենալով լայն ընտրանի, լսում է հենց անորակ երաժշտություն: Այսօր դասական եւ ջազ երաժշտության սիրահարները ազատորեն կարող են լսել համաշխարհային երգահանների աշխատանքների կատարումը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, կամ էլ ձեռք բերել նույն կատարումները ցանկացած երաժշտական տաղավարում: Բայց բոլոր տեղական երգիչները կատարում են անորակ երգեր, պարզ պատճառով. հասարակությունը ցանկանում է լսել նրանց»,- ասել է Էդուարդ Թոփչյանը: