19 մայիսի 2022 - 17:31 AMT
Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել է նաև Թուրքիա-ՀՀ կարգավորման գործընթացը

ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակում: Ըստ Չավուշօղլուի՝ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում», տեղեկացնում է Еrmenihaber-ը։

Քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչվող առանցքային հարցեր, ինչպես նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան: Խոսվել է նաև F-16 կործանիչների, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, աջակցում են Թուրքիային թիրախավորող «ահաբեկչական կազմակերպություններին»:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը, որը թվվով 3-ն է, տեղի է ունեցել մայիսի 3-ին` Վիեննայում։

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»: