19 մայիսի 2022 - 16:48 AMT
Միրզոյանը Բորելին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։

Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ կողմից հրապարակվել է Գործընկերության խորհրդի 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած նիստից ի վեր Հայաստանում և ԵՄ-Հայաստան հարաբերություններում զարգացումների վերաբերյալ Գործընկերության իրականացման զեկույցը: Այն ընդգծում է Հայաստանի առաջընթացը ՀԸԳՀ-ի իրականացման գործում և ԵՄ-ի առանցքային դերը՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու մեջ: