19 մայիսի 2022 - 18:26 AMT
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունները, ասել է, որ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել։

Մայիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը 2 անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից։

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:

Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է մեկնաբանության մեջ:

«Ադրբեջանը ժամանակին է ստեղծել աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն գործուղել։ Դա համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունել էր առաջարկը և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Շատ հիասթափեցնող էր։ Էլ ավելի հիասթափեցնող էր Հայաստանի մերժումը մայիսի 7-11-ը հենց սահմանին նոր հանդիպումից»,- ասել է Ալիևը Բաքվում Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո։

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ մայիսի 16-17-ին նախատեսված առաջին հանդիպումը չի կայացել, տեխնիկական պատճառներով։