20 մայիսի 2022 - 12:49 AMT
Ադրբեջանցի դիվերսանտը խոստովանել է` Քարվաճառ էր ուղարկվել Ադրբեջանի իշխանությունների անմիջական հրահանգով

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը երկու ադրբեջանցու հետ 2014-ին ներթափանցել էր Արցախ և սպանել Սմբատ Ցականյանին և Սարգիս Աբրահամյանին, հրապարակավ խոստովանել է, որ Քարվաճառ է ուղարկվել Ադրբեջանի իշխանությունների անմիջական հրահանգով և հատուկ հանձնարարությամբ։

Գուլիևը մայիսի 18-ին ադրբեջանական Xural TV-ի յութուբյան «Siyasət meydanı» հաղորդման ընթացքում իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջան վերադառնալուց հետո պետության անուշադրության առնչությամբ։ Բողոքելով սոցիալական վատ պայմաններից՝ նա շեշտել է, որ խոսելու է անգամ կյանքի գնով, տեղեկացնում է Regionmonitor-ը:

Ադրբեջանցի դիվերսանտը մասնավորապես նշել է, որ Քարվաճառ են ներխուժել Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Շամիլ օղլու Հասանովի իմացությամբ, որը վարչապետի պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2019 թ․։ Նա շեշտել է, որ իրենք զինվել և ճանապարհ են ընկել հենց Ալի Հասանովի աշխատասենյակից։

«Մենք Քելբաջար Ալի Հասանովի աշխատասենյակից ենք ճանապարհ ընկել։ Մեր ձեռքը զենք է տրվել, ատրճանակ է տրվել, ինքնաձիգ է տրվել, նռնակ է տրվել, և ճանապարհ են դրել։ Մենք զինված ենք գնացել»,-նշել է Գուլիևն ու հավելել, որ իրեն կանչել և ասել են, թե «պետությանը պետք է, և պետության համար պետք է գնա»։ Գուլիևը նշել է, որ իրենց տրված զենքերը եղել են ժամանակակից զենքեր, այդ թվում՝ խլացուցիչով ատրճանակներ։

Նրա խոսքով՝ իրեն ուզում էին մենակ ուղարկել, սակայն ասել է, որ Դիլգամ Ասկերովը լավ գիտի տեղանքը և կարող է ուղեկցել իրեն, բայց քանի որ Ասկերովը Շամքիրում ձերբակալված էր, նրան ազատ են արձակել և Գուլիևի հետ ուղարկել։

Հաղորդավար Ավազ Զեյնալլըի ճշգրտող հարցին, թե ստացվում է, որ պետությունը տեղյակ է եղել Քարվաճառ ներխուժումից և անգամ գաղտնի հանձնարարություն է տվել, Գուլիևը տվել է դրական պատասխան և նշել, որ Արցախ իրենց նախորդ այցերի ժամանակ արված տեսագրությունները պարունակող 10 տեսաերիզ է փոխանցել Հասանովին, և այդ տեսաերիզները փոխանցվել են նաև Ադրբեջանի ՊՆ-ին՝ մասնավորապես, պաշտպանության նախարարի առաջին տեղակալին։

Գուլիևը նշել է, որ նկարահանումներ ունեին անելու և շեշտել, որ Հասանովն ու ինքը միայն Ասկերովի գործերի պատճառով են մտել Քարվաճառ, հակառակ դեպքում իրենք վերադառնալու էին, քանի որ ավարտել էին աշխատանքը։ Այդպիսով՝ նա Հասանովի սպանության և իր ձերբակալության մեջ հիմնականում մեղադրել է Ասկերովին։ Գուլիևը նաև ընգծել է, որ Դիլգամը ձերբակալվելուն պես ասել է, որ Հասան Հասանովն ու Շահբազ Գուլիևը պետության մարդն են, իսկ ինքն՝ ուղեկցող։

Գուլիևը հայտարարել է, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել, քանի որ չի կարող ներկա սոցիալական պայմաններում ապրել, այն դեպքում, երբ մինչ հայերի կողմից ձերբակալվելն ունեցել է ապահով կյանք։

Շահբազ Գուլիևի խոստովանական հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանական մամուլում և սոցցանցերում՝ ուղեկցվելով Ալի Հասանովի դեմ քննադատական արձագանքներով։ Հարցազրույցից մեկ օր անց Ալի Հասանովը Demokrat.az-ին հայտնել է, որ Գուլիևի մասին որևէ բան չունի ասելու. «Զանգեք Ասկերովին և նրան հարցրեք, նա կասի։ Ես Շահբազ անունով մարդ չեմ ճանաչում, նրա դեմքը երբեք չեմ տեսել»,-հայտարարել է Հասանովը։

2014թ. ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլգամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Քարվաճառ և սպանել ԱՀ քաղաքացի 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորանք հասցրել ՀՀ քաղաքացի Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: Արցախի դատարանն Ասկերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: Արցախյան 2020թ․ պատերազմից հետո հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնել էին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակմանը և Ասկերովն ու Գուլիևը նույն թվականի դեկտեմբերի 14-ին վերադարձվել էին Ադրբեջան, թեև Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է ամբողջովին կատարել այդ պարտավորությունը։