20 մայիսի 2022 - 16:11 AMT
Անդրանիկ Քոչարյան. 44-օրյայի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող որոշ ԶԼՄ-ների հոդվածներին, գրել է, որ հանձնաժողովի ավարտական եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը, և այդ ժամանակ տեսանելի կլինի այս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը։

«Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքային բնականոն ընթացքը չի պատրաստվում համապատասխանեցնել որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը։

Ակնհայտ է, որ նման լրատվականների «ինֆորմացիոն աղբյուրները» ոչ միայն վաղուց հավաստի տեղեկատվություն չեն տրամադրում խմբագրությանը, այլև ամբողջապես սպառելով իրենց՝ ցամաքել են մայրաքաղաքի փողոցներում ևս։

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի անկախ խորհրդատուներին, ապա նրանցից յուրաքանչյուրը՝ Սամվել Բաբայանը ներառյալ, շարունակում են տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին։

Քննիչ հանձնաժողովի անիրականանալի ձախողմանն անհամբերությամբ սպասելու փոխարեն, խառնակչություններով տարված լրատվական կայքերի խմբագիրներին խորհուրդ կտամ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրները ուղղակիորեն հրաժարվեցին մասնակցել պատերազմից հետո մեր պետության ու բանակի վերականգմանն ուղղված այս կարևորագույն աշխատանքներին»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասել է, որ պատճառները մի քանիսն են։

Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Սամվել Բաբայանը պետք է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին անկախ խորհրդատուի կարգավիճակոով։