21 մայիսի 2022 - 10:54 AMT
Միրզոյանը հուսով է` ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում Հս․ Մակեդոնիան ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության գործում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի Խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ շրջանակում ակտիվ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության ընթացքում այդ երկիրը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հասնելու համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։

Զրուցակիցները քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։