23 մայիսի 2022 - 19:09 AMT
Միրզոյանն ու Լավրովը սահմանազատման հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանզատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հաղորդակցությունների մասով կողմերը պայմանավորվել են առաջ շարժվել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։