23 մայիսի 2022 - 19:57 AMT
Կիևում ռուս զինծառայողին ցմահ ազատազրկման են դատապարտել

Կիևում ցմահ ազատազրկման են դատապարտել 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին, որին ուկրաինական զինված ուժերը գերի էին վերցրել։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սումիի շրջանի 62-ամյա բնակչի սպանության մեջ։

Ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի ՔՕ 2-րդ մասի 438 հոդվածով՝ պատերազմի օրենքների խախտում, ուղեկցված՝ միտումնավոր սպանությամբ, գրում է «Կոմերսանտը»։

Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին, դատավարությունը տևել է մեկ շաբաթ։ Փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը զինծառայողի պաշտպանության տարբերակներ կփնտրի։

Ըստ Ուկրաինայում կատարված քննության, սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Ուկրաինական աղբյուրների համաձայն Շիշիմարինը հրամանատարի հրամանով մի քանի անգամ կրակել է անզեն մարդու վրա։ Հրամանը տված անձը ևս ձերբակալվել է, սակայն նրա անունն ու այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Շիշիմարինը իր վերջին խոսքում ասել է, որ զղջում է և «չէր ուզում սպանել»։