24 մայիսի 2022 - 13:40 AMT
Տիգրան Աբրահամյան. Հարցը միայն Արցախը չէ, մեր առաջ դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԳՆ շենքի շրջափակման ընթացքում անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, հայտարարել է, որ հայկական կողմի առջև դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի, իսկ կենսունակ ՀՀ-ի բացակայությունն Արցախի ոչնչացում է։

«Բրյուսելից հնչած հայտարարությունն ամրապնդեց մտահոգությունը՝ ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում, սա ցույց է տալիս, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նշվում է, թե էթնիկ հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովվելու են, սակայն դա որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, անկախության հետ», – ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նա նշել է, որ դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանը հանձնում։

«Այսօր 100-110 000 հայի ֆիզիկական գոյությունը սպառնալիքի տակ է։ Հարցը միայն Արցախը չէ՝ սա պայքար է առաջին հերթին ՀՀ-ի համար, որովհետև հնչող հայտարարությունները ցույց են տալիս՝ վտանգված է առաջնահերթ ՀՀ-ն, որովհետև մեր առաջ դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի, իսկ կենսունակ ՀՀ-ի բացակայությունն Արցախի ոչնչացում է ենթադրում։ ՀՀ ճանապարհների վերահսկողությունն անցնելու է Ադրբեջանին», – շեշտել է Տիգրան Աբրահամյանը։

Նման քայլերն, ըստ նրա, բերելու են ՀՀ սուբյեկտայնության վերացմանը, իսկ իշխանության կողմից խաղաղության մասին խոսելը հիմարություն է։

«Սա խաղաղ հանձնման գործընթաց է, որը բերելու է պետականության կորստի, վիլայեթացման, զանգվածային արտագաղթի։ Նման պայմաններում որևէ հայ իր ապագան ՀՀ-ի հետ չի կապի։ Այս իշխանությունը գնում է ՀՀ-ի և Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ: