24 մայիսի 2022 - 17:45 AMT
Վանաձորի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. Խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ փաստական տվյալների, վերջինս Վանաձորի Նարեկացի փողոցում գտնվող՝ 0,94955 հա ընդհանուր մակերեսով 2 հողամասը խառը կառուցապատման հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելու նպատակով, 3 անգամ առաջարկություն է ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողով, սակայն բոլոր դեպքերում էլ հանձնաժողովի կողմից փաթեթը վերադարձվել է համայնքապետարան՝ լրամշակելու նպատակով:

Ասլանյանը, չկատարելով միջգերատեսչական հանձնաժողովի պահանջները և գիտակցելով, որ չունի հողամասերի նպատակային նշանակությունը միանձնյա փոփոխելու լիազորություն, հանցավոր պայմանավորվածությունների շրջանակում, կազմել և հաստատել է համապատասխան որոշումների նախագծերը, 2021թ. հունիսի 9-ին կայացրած որոշումներով վերոհիշյալ հողամասերը՝ փոփոխել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից փոփոխել են կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։

Քննությամբ պարզվել է նաև, որ Ասլանյանը, Վանաձորի Ուսանողական, Վարդանանց և Աղայան փողոցներում գտնվող չմասնավորեցվող հողերի շարքին դասվող՝ ընդհանուր 7 հողատարածք օտարելու նպատակով, ստորագրել է համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմած, վերջինիս հետ միասին նաև իրավաբանական բաժնի պետի կողմից ստորագրված որոշման նախագծերը, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ։

Այնուհետև, նա իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված՝ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներն այն մասին, թե իբր, հիշյալ հողատարածքներն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը դրանք ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, և համայնքապետարանում կազմակերպված աճուրդների, ինչպես նաև ուղիղ վաճառքի արդյունքում նշված հողամասերը օտարվել են տարբեր քաղաքացիների և ՍՊ ընկերության:

Բացի այդ, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել 2020-2021թթ. ընկած ժամանակահատվածում մոտ 15 նոր հուղարկավորությունների կատարումը և գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: