24 մայիսի 2022 - 18:47 AMT
Բորելը ողջունել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ հույս հայտնելով կոնկրետ քայլեր տեսնել

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մայիսի 22-ին Բրյուսելում, ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կայացած հանդիպումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք Եվրոպայի խորհրդի նախագահի կազմակերպված ՝Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հուսով ենք կոնկրետ քայլեր տեսնել, որոնք կնպաստեն կայուն խաղաղության դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում»,-ասվում է գրառման մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ: