«Դիմադրություն» շարժումը մայիսի 25-ի վաղ առավոտյան, բողոքի երթով հասնելով ՀՀ նախագահի նստավայր, փակել էր նախագահականի, այնուհետև` Անվտանգության խորհրդի շենքերի ելքերն ու մուտքերը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում է՝ մասնակցում է տնտեսական համաժողովին։
ՀՀ նախագահի նստավայրի մոտ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են մտնել Անվտանգության խորհրդի շենք, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այնտեղ փոխանցելու բաներ ունենք։ Այդ շենքից բազմաթիվ հակահայկական ու հակապետական հայտարարություններ են հնչել այս ընթացքում»,- նշել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ այնտեղ գնալու են նաև մոտ 30-40 քաղաքացու հետ, մնացածն էլ պետք է շարունակեն փակ պահել նախագահականի շենքի մուտքերն ու ելքերը։ Ցուցարարները վանկարկել են` «Միություն, պայքար, հաղթանակ», ու շարժվել առաջ։
Մուտքի մոտ ընդդիմադիր պատգամավորներին ու բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը հայտնել է, որ ներսում մարդ չկա, քանի որ վաղ առավոտից շենքի մուտքը փակ է եղել։
Սաղաթելյանն ասել է` քանի որ շենքում որևէ աշխատակից չկա, անիմաստ է այն շրջափակված պահել և հորդորել է շարունակել անհնազանդության երթն ու ակցիաները։
«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։