25 մայիսի 2022 - 17:41 AMT
Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Չեռնոգորիայի նախագահը

Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:

Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: