25 մայիսի 2022 - 18:45 AMT
Փաշինյան․ Ընդդիմությանը պետք չէ խանգարել «մինչև քոք մաշվել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով մեկ ամսից ավելի շարունակվող ընդդիմության բողոքի ակցիաներին, ասել է, թե այդ ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և այժմ արդեն դրանք ավելի շատ ուղղված են հասարակության դեմ և մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերթի խճուղու փլուզմանը՝ անհարմարություններ պատճառելու առումով։

«Այդ պրոցեսը սկսվել է քաղաքական շեշտադրումներով և ընդդիմությունն ավելի քան 1 ամիս բոլոր քաղաքական միջոցներով, ակցիաներով հնարավորություն է ունեցել իր ասելիքն ասելու։

Սովորաբար նման ակցիաների նպատակը հետևյալն է՝ հանրությանը ներգրավել պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։ Ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել»,-ասել է նա։

Ըստ նրա, տեղի ունեցողի հիմնական իմաստը «հանրությունից վրեժ լուծելն է՝ 2021-ի հունիսի ընտրությունների արդյունքների համար»։

Նա նշել է, որ ընդդիմությունն ընտրությունների ժամանակ մի քաղաքական կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոք մաշեցնելու է։ «Հիմա տեսնում ենք, որ, չկարողանալով դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն է իր նկատմամբ այդ կարգախոսն իրականացնում։ Պետք չէ խանգարել նրանց մինչև քոք մաշվելու»,- ասել է նա, ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի՝ 2021 թվականի ընտրապայքարի ժամանակ արած արտահայտությունը։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։