26 մայիսի 2022 - 16:34 AMT
ԱԺ 5 պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետը Չալաբյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր են տվել

ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել։ Այդ մասին հայտնել է Չալաբյանի պաշտպանական խումբը։

«Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությունը և չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց»,-նշված է հայտարարության մեջ։

Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։

Չալաբյանի պաշտպանական խումբն այդ երաշխավորագրերով մայիսի 25-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Ավելի վաղ Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: