27 մայիսի 2022 - 16:18 AMT
Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման հանձնաժողովի 1-ին հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ և Ադրբեջանի միջև պետսահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կառուցողական է գնահատել սահմանազատման հանձնաժողովի առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին ՀՀ-Ադրբեջան սահմանին։

«Մայիսի 24-ին առաջին հանդիպումն ենք անցկացրել սահմանին։ Այդ հանդիպմանը քննարկել ենք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր և այդ առումով հանդիպումը միանգամայն կառուցողական եմ համարում։ Հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց կա հաստատում, որ այն կայանալու է Մոսկվայում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացվելու է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

«Այս հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունում նշված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։ Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։