27 մայիսի 2022 - 18:35 AMT
Իրանի դեսպան․ Հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու ՀՀ-ն համաձայնության կգան գազի սվոփի շուրջ

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ, հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու Հայաստանը համաձայնության կգան գազի սվոփի շուրջ, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Մոտ երկու շաբաթ առաջ Երևանում անցկացրինք հայ-իրանական միջկառավարական տնտեսական 17-րդ նիստը, և այդ նիստի շրջանակում քննարկված կարևոր թեմաներից մեկը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է։ Համագործակցության մի մասը վերաբերում է գազի սվոփին։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ օրերս Իրան կատարած այցը շատ լավ արդյունքներ է ունեցել։ Հավանաբար, մոտ ապագայում Իրանի ու Հայաստանի միջև մենք կունենանք համագործակցություն սվոփի տեսքով», - ասել է նա։

Դեսպանն այլ մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ, Թեհրանում ընդունելով Սանոսյանին, Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին, ըստ իրանական Shana լրատվական գործակալության, հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է գազի սվոփային գործարքի՝ իր գազամուղերը տրամադրել Թուրքմենստանից գազ ստանալու և նույն քանակի իրանական գազ Հայաստանին փոխանցելու համար։

Ընթերցեք նաև․ Իրանի դեսպան. Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները