28 մայիսի 2022 - 15:46 AMT
Օսկանյանը չի մասնակցի 44-օրյայի քննիչ հանձնաժողովի լսումներին․ 2 պատճառ կա

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իրեն հրավիրել է լսումների։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նշել է, որ դեռ հայց չի ստացել, սակայն, ամեն դեպքում, որոշել է չգնալ 2 պատճառով, հայտնում է «Փաստինֆոն»։

«1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։

2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։

Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասել է Օսկանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին: Այդ տեղեկությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր Factor.am-ին։