30 մայիսի 2022 - 11:19 AMT
Ինեկոբանկը՝ EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գլխավոր գործընկեր

Հունիսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որի գլխավոր գործընկերն է Ինեկոբանկը։

Առաջնորդվելով նորարարություն հանուն հարմարավետության իր մոտեցմամբ և մշտապես կարևորելով թվային լուծումների դերը ֆինտեխ ոլորտի զարգացման հարցում` Ինեկոբանկը, որպես գլխավոր գործընկեր, ներկայանում է տարվա ամենամեծ միջազգային տեխնոլոգիական համաժողովին։

EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտի համաշխարհային միտումներին։ Այն երկու օրով մեկ գաղափարի շուրջ է համախմբելու ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից:

Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:

Ինեկոբանկի Ֆինանսական ծառայության ղեկավար Բաբկեն Սահակյանը համաժողովի մասնակից ստարտափների համար կանցկացնի մենթորական սեսիաներ տարբեր բիզնես մոդելների ֆինանսական հետևանքների և ցուցանիշների ուղղությամբ:

«Նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար սկսնակ բիզնեսների համար շատ կարևոր է ֆինանսական հետևանքները հաշվարկելն ու հիմնական KPI-ները սահմանելը։ EMERG-ի շրջանակում կփորձեմ ՏՏ ստարտափների հետ կիսվել այս ոլորտում ունեցած իմ փորձով և մոտեցումներով, որոնք, հուսով եմ, կօգնեն նրանց բիզնես մոդելի ճիշտ ընտրության և հետագա ֆինանսական զարգացման հարցում»,- նշել է Բաբկեն Սահակյանը։

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև թեմատիկ պանելային քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ` ժամանակի թրենդ հանդիսացող ոլորտային թեմաների շուրջ:

Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը, որն ունի բազմամյա փորձ ֆինանսաբանկային ոլորտում և կապիտալի շուկաներում, ավանդական բանկինգի և բլոկչեյների թեմայով պանելային քննարկմանը կներկայանա որպես բանախոս և կկիսվի իր մասնագիտական դիտարկումներով ու կանխատեսումներով:

EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը կանցկացվի հունիսի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` մեկնարկելով տեխնոլոգիական ամառը: