Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 2022-2024 թթ․մակրոտնտեսական կանխատեսման համաձայն Հայաստանում ՀՆԱ աճը 2022-ի ընթացքում կդանդաղի մինչև 1 տոկոս, իսկ 2023-ին կհասնի 3․5 տոկոսի։
Նշվում է, որ տնտեսական աճը 2022թ․ առաջին ամիսներին բարձր է եղել, իսկ այժմ դանդաղել է՝ կապված Ռուսաստանում և ընդհանուր առմամբ աշխարհում տնտեսական անկման հետ։
Ըստ բանկի կանխատեսման, 2022-ի ավարտին գնաճը Հայաստանում կհասնի 8.6%-ի, ինչը, հիմնականում, կապված է ներկրվող ապրանքների թանկացման և առաքումների դժվարությունների հետ։ 2023 թվականի համար ակնկալվում է սպառողական գների աճի դանդաղում՝ մինչև 5%։
2022-ին կանխատեսվում է, որ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ միջինում կկազմի 480 դրամ 1 դոլարի դիմաց, ինչը կապված է արտահանման տեմպերի դանդաղեցման և դրամային փոխանցումների ներհոսքի նվազման հետ։
Նշվում է, նաև, որ ՀՀ պետական բյուջեի կատարողականը ընթացիկ տարվա հունվար-ապրիլի տվյալներով կատարվել է 0.8% պրոֆիցիտով, եկամուտներն աճել են 23․6%, ինչը կապված է գործարար ակտիվության աճի հետ, ծախսերն ավելացել են 3.3%-ով։