31 մայիսի 2022 - 13:13 AMT
Մայր տաճարի նորոգումը մոտենում է ավարտին

Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտական փուլին, ասվում է Մայր աթոռի ֆեյսբուքյան էջում։

2022-ի մայիսի դրությամբ աշխատանքներ են ընթանում թանգարանային հատվածում, շարունակում են վերատեղադրվել որմնանկարները և շարվում է բակի սալահատակը:

Մայր տաճարի նորոգման, հետազոտական ու նախագծման աշխատանքները մեկնարկել են 2011-ին, 2013-ին տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ, իսկ շինաշխատանքները սկսվել են 2017-ին։ Այս մասշտաբի վերանորոգման աշխատանքներ կատարվել են մոտ 1650-ականներին, դրանից հետո բոլոր միջամտությունները եղել են մասնակի։

Եկեղեցին կառուցվել է 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։