31 մայիսի 2022 - 14:46 AMT
Ըստ Սիմոնյանի՝ ասել, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կնաշանակի բանակցություններում գիծ դնել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա նշանակում է բանակցությունների ընթացքում գիծ դնել ու ասել` սրանից հետո չենք խոսելու։ Սիմոնյանը նման պարզաբանում է տվել ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Հարցին, թե քարոզարշավի ժամանակ իշխանությունը համարձակորեն ասում էր` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա խուսափում է` Սիմոնյանը պատասխանել է, որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հիմա ՀՀ-ն ասում է, որ այնտեղ կա Արցախի բնակչություն, կա բնակչություն, որն ունի իրավունքներ, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ 1998-ից ի վեր որևէ մեկը խոսե՞լ է Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ 1998-ից ի վեր Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում»,–ասել է Սիմոնյանը։

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները հայտարարել են, որ այցելելու են տարբեր գերատեսչություններ ու նրանց ղեկավարներից ճշտելու են՝ պատկերացնո՞ւմ են Արցախը Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։