31 մայիսի 2022 - 15:40 AMT
Փաշինյան․ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն եկամուտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ»,-ասել է նա:

Նա հիշեցրել է նաև, որ այս տարվանից ուժի մեջ է մտել գույքահարկի նոր համակարգը։

«Այն էականորեն և լրջորեն, նախ, ուժեղացնելու է տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև նրանց հարկային եկամուտներն են ավելանալու: Մյուս կողմից, իհարկե, քաղաքակրթական նշանակություն նույնպես ունենալու է այս օրենքը, որովհետև կարծում եմ, որ մեր կյանքում տնտեսական հաշվարկն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների: Ուզում եմ մեկ այդպիսի օրինակ բերել. մենք տեսնում ենք, որ շատ երկրներում՝ սկսած գյուղերից ինչպիսի կոկիկ քաղաքաշինական տեսք ունեն: Իմ համոզմունքն է, որ դրա մեջ շատ էական նշանակություն ունի գույքահարկի համակարգը, որովհետև մարդիկ ոչ թե ուղղակի տուն են կառուցում, այլ կառուցելիս փորձում են հաշվարկել, որ առաջիկա 50 տարվա ընթացքում եթե այս մի նախագիծն ընտրեն՝ որքան գույքային հարկ են վճարելու, եթե մյուս նախագիծն ընտրեն՝ որքան:

Ուզում եմ ընդգծել նաև մեր բոլորովին վերջերս ընդունած ծրագիրը, որ մենք անվանում ենք ռենովացիայի ծրագիր, որի նպատակը հետևյալն է՝ խթանել, որպեսզի քաղաքացիները վերակառուցեն իրենց բնակարանները: Ընդ որում՝ պարտադիր պայման է, որ այդ ստացվող վարկի 30 տոկոսը պետք է անպայման ծախսվի էներգախնայողության համար: Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև էներգակիրների գները շատ զգայուն են սոցիալական առումով, բայց մենք չենք հաշվարկում երբեք, թե մեր սպառած էներգիայի որ մասով ենք մեր բնակարանը տաքացնում և որ մասով շրջապատող տարածքը: Իհարկե, արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, որ պիտի ամեն քայլափոխի փորձենք լուծել, և մեր Կառավարությունը գնալու է այս ճանապարհով»,-ասել է վարչապետը: