1 հունիսի 2022 - 16:07 AMT
Սանոսյանը՝ սահմանազատման մասին․ Ամեն կողմն իր ունեցած քարտեզները կբերի ու կքննարկեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը ինչ քարտեզներով է առաջնորդվելու, ասել է, որ ամեն կողմն իր ունեցածը կբերի ու կքննարկեն:

Հանձնաժողովի կազմում ընգրկված է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։

Նախարարը նշել է, որ հանձնաժողովի առաջին հանդիպումից տեղյակ է՝լավ, կառուցողական հանդիպում է եղել, հայտնում է «Առավոտը»։

«Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր են բարձրացվել, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել, այդ առումով դրական ենք գնահատում,-ասել է նա:

Այն դիտարկմանը, որ նշած կառուցողական հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին թշնամու դիպուկահարից հայ զինծառայող է զոհվել, նախարարը պատասխանել է, որ կոնկրետ տվյալ վայրի քննարկումը եղել է կառուցողական, նորմալ հանդիպում և հավելել, որ նման միջադեպերը խանգարում են գործընթացին։

«Այդ հանդիպումը բավական նորմալ է անցել ու միջադեպերը խանգարում են այդ գործընթացին: Այո, դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ ու մեր անմեղ զինվորները, որոնք հայրենիքն են պաշտպանում, կարող են նման անմտությանը զոհ գնալ»,-ասել է նա։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։