7 ապրիլի 2009 - 18:57 AMT
Հայ սուսերամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Բելֆաստում կայացած Աշխարհի առաջնությունում
Հայ սուսերամարտիկներ Սպարտակ Հարությունյանը եւ Ռոբերտ Խաչատրյանն ավարտել են իրենց ելույթները երիտասարդների եւ պատանիների Աշխարհի առաջնության շրջանակներում կադետների շրջանում ապրիլի 4-ից 13-ը Բելֆաստում (հյուսիսային Իռլանդիա) տեղի ունեցած մրցումներում:

Սպարտակ Հարությունյանը, երեք անգամ հաղթանակ տանելով եւ երեք անգամ պարտություն կրելով խմբակային փուլի 6 մենամարտում, զբաղեցրել է 5-րդ տեղը եւ դուրս է եկել 1/64 եզրափակիչ, որտեղ նույնպես հաղթանակ է տարել հարավաֆրիկացի Դոնալդ Ֆրանսիս Թոլմիի հանդեպ: Սակայն 1/32 եզրափակիչում Հարությունյանը զիջել է բրազիլացի Նիկոլա Ֆերեյրեին` արդյունքում զբաղեցնելով 56-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:

Ռոբերտ Խաչատրյանը, իր հերթին, խմբակային փուլում ավելի հաջող է ելույթ ունեցել: 4 անգամ հաղթանակ տանելով եւ երկու անգամ պարտություն կրելով` երրորդ տեղն է զբաղեցրել խմբում, եւ, դուրս գալով 1/32 եզրափակիչ, պարտություն է կրել լեհ սուսերամարտիկ Միկոլայ Սմոլկեի կողմից` այդպիսով զբաղեցնելով 43-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:

Հարությունյանն ու Խաչատրյանը դեռեւս չեն ավարտել իրենց ելույթներն Աշխարհի առաջնությունում, քանի որ ապրիլի 9-ին նրանք ելույթ կունենան սուսերներով երիտասարդների շրջանում:

Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքերով, հայ սուսերամարտիկներին թույլ են տվել մասնակցելու երկու տարիքային խմբերի մրցաշարարին, քանի որ երկուսն էլ 17 տարեկան են, իսկ դա միջանկյալ տարիք է կադետների եւ երիտասարդների կարգի միջեւ: