ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում ՀՀ-ում գտնվող ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մտքեր են փոխանակել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարևորվել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետևողական կատարելագործումը, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը:
Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձևաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ և կառուցողական աշխատանքին:
ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ և ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների և այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ:
Կարևորվել է Հայաստանի Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների և Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի և Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան:
Գործընկերները քննարկել են հունիսի 6-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա և նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում: