7 ապրիլի 2009 - 20:11 AMT
Հայաստանը մտադիր է օգտագործել «Արեւելյան գործընկերության» բոլոր հնարավորությունները
ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար: Այդ մասին, բացելով Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը, հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Մենք մտադիր ենք օգտագործել «Արեւելյան գործընկերության» առաջարկած բոլոր քաղաքական եւ տնտեսական հնարավորությունները: Մենք ուրախ ենք, որ «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների Խորհրդարանական Վեհաժողով ստեղծելու Եվրահանձնաժողովի գաղափարը իրականություն է դառնում»,- նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը եվրոպական կառույցների Խորհրդարանական Վեհաժողովներից անաչառ մոտեցում է ակնկալում Հարավային Կովկասի խնդիրների հանդեպ: «Մենք հուսով ենք, որ եվրոպական կազմակերպությունների ԽՎ գործունեությունը նպատակաուղղված է լինելու տարածաշրջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը»,- ընդգծել է Հայաստանի ԱԺ խոսնակը: