7 հունիսի 2022 - 18:37 AMT
Միրզոյանը գերիների ծնողներին հավաստիացրել է` բոլոր ջանքերը գործադրվում են հայրենադարձման համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ:

Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Մարտի 21-ին ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հաստատված է 38 անձի գտնվելն ադրբեջանական գերության մեջ, որոնցից 3-ը քաղաքացիական անձ է: