9 հունիսի 2022 - 16:18 AMT
Թուրք պաշտոնյա․ Թուրքիան մտադիր է ավելացնել բեռնափոխադրումների հոսքը «Զանգեզուրի միջանցքի» օգնությամբ

Թուրքիայում և Մերձավոր Արևելքի երկրներում Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության մշտական ներկայացուցիչ Էրման Էրեկեն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է ներգրավել Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկների ապրանքաշրջանառության կեսից ավելին։

Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի» բացումն օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մասնավորապես, ըստ նրա, դա թույլ կտա ավելացնել Թուրքիայի տարածքով տարանցվող բեռնափոխադրումների ծավալը Իրաքի, Սիրիայի և Միջերկրածովյան նավահանգիստներից, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

«Այժմ բեռնատարների միջին տարեկան շրջանառությունը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կազմում է 110-120,000 բեռնատար։ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ և Ադրբեջանում մի շարք ընթացակարգերի պարզեցմամբ այստեղով կանցնի այդ բեռների կեսից ավելին»,-ասել է նա։

Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Հայաստանի տարածքով՝ մոտ 40 կմ կազմող «Զանգեզուրի միջանցքով»։