9 հունիսի 2022 - 16:37 AMT
Լավրով․ ՀՀ և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը կլինի պարզեցված, բայց հիմնված ՀՀ ինքնիշխանության ճանաչման վրա

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ տարածքով «միջանցք» ունենալու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը հիմնված կլինի Հայաստանի տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այդ մասին նա ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող», - ընդգծել է Լավրովը, գրում է Aysor.am-ը։

Լավրովն ասել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհի համակարգումն ավարտման փուլում է։

«Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է ճանապարհային երթուղու և ռեժիմի մասին համաձայնեցման գործընթացը», - նշել է ՌԴ արտգործնախարարը։

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել հունիսի 8-ին։ Նրա այցը պաշտոնական է։ Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։ Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։