ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ Երևանում կայացած հանդիպմանն առաջարկել է դիտարկել ԽՍՀՄ ժամանակ նկարահանված և ներկայումս ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպումը։
Միխայիլ Շվիդկոյը դրական է արձագանքել: Վահրամ Դումանյանը հավելել է, որ 2023-ին նշվելու է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Նշվել է նաև, որ 2024 թ.-ին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններն են:
Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին:
«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:
Միջոցառման կազմակերպումն ամրագրված է ՀՀ կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն այցի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրով և նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Միջոցառման շրջանակում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները: Միջոցառման ծրագրում կընդգրկվեն նաև պաշտոնական ելույթներ հայկական և ռուսական կողմերից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Իսկ 2022 թ. աշնանը կանցկացվի «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: