13 հունիսի 2022 - 18:30 AMT
Վարչապետն ու Կատարի էմիրը կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության ոլորտում

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը` ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։