Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի հավաքականի Tartan Army Sunshine Appeal երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։
Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին, տեղեկացնում է Аraratnews-ը։
Կենտրոնին է փոխանցվել մոտ 4000 ֆունտ ստերլինգ:
«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:
Երկրպագուների այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ՝ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։