17 հունիսի 2022 - 19:16 AMT
Սպորտային նպաստների համար ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացվել

Կառավարությունը սպորտային նպաստների համար պահուստային ֆոնդից ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել։

Ներկայացնելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ Հայաստանի հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն Փարիզի 2024-ի օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների՝ 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագույնս մասնակցելու համար։

«Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստ հատկացնել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Գումարը կհատկացվի Կառավարության որոշման կարգով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ցանկին համապատասխան: Այն կտրամադրվի 2022 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ամիսները՝ ներառյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդ տարվանից ծրագիրը կնախատեսվի արդեն պետական բյուջեով, և կգործի ինստիտուցիոնալ համակարգ։

2022 թ. հունիսի 1-ից օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամսական կվճարվի 500,000 դրամ (առաջին մրցանակակիրների խրախուսման համար առանձին կարգ է գործում): Երրորդ մրցանակակիրներին կտրվի 400,000 դրամ նպաստ: Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական կստանան 300,000 դրամ:

Աշխարհի առաջնություններում 1-ին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 500,000, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 400,000, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 300, 000 դրամ: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 400,000, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 300,000, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 200,000 դրամ: