18 հունիսի 2022 - 15:22 AMT
Մանկապարտեզների տնօրենները ևս պետք է հավաստագիր ունենան

Այսուհետ նախադպրոցական հաստատությունների տնօրենները նույնպես պետք է հավաստագիր ունենան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ այս տարվանից կսկսվի նախադպրոցական հաստատությունների ղեկավարման համար հավաստագրման գործընթացը։

«Վերապատրաստումներից հետո կկազմակերպվեն հավաստագրման քննությունները»,-նշվում է գրառման մեջ։

Վերապատրաստող կազմակերպությունների ցանկն արդեն հաստատվել է։