20 հունիսի 2022 - 18:00 AMT
Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ՔԿ է ուղարկվել, իսկ ԲԴԽ-ն հայտարարել է՝ այն արվել է առանց Ջհանգիրյանի իմացության

Գլխավոր դատախազությունն արձագանքել է ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը` հայտնելով, որ այն ուղարկվել է Քննչական կոմիտե, իսկ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ԲԴԽ-ն ղեկավարելու հարց չի քննարկվել։ Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Դատախազի խորհրդականի խոսքով` հանձնարարվել է ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:

Հունիսի 20-ին հրավիրած ասուլիսի ընթացքում Վարդազարյանը հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրգործի որոշ հանգամանքների վերաբերյալ, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նա հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։ Դրանից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ասում եմ, որ այդ բոլորը կանգնեցված է, ես դրա գարանտն եմ։ Էդ բոլորը մոռացիր, դիր մի կողմ, դու ապագա ունես, երեխեք ունես, տուն ունես»,- ասել է Ջհանգիրյանը՝ հորդորելով հրաժարական տալ։

Վարդազարյանն ասուլիսում հայտարարել է, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Նա ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկվել էր հրաժարական ներկայացնել ու գնալ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Այս ձայնագրությունը եղել է 2021թ. փետրվարի 20-ին։ Խոսքը նրանում է, որ այն ժամանակ վարչապետի անունից ինձ առաջարկվել է հրաժարական տալ և գնալ։ Պատասխանել եմ, որ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա և ամսի 1-ին կհանդիպեմ վարչապետին, ու եթե պահանջ կա հրաժարականի, ապա պետք է իրենից լսեմ, ոչ թե երրորդ-չորրորդ մարդու միջոցով»,- ասել է Վարդազարյանը՝ նշելով, որ Ջհանգիրյանը, փաստացի, հայտարարել է, որ կարող է երաշխավորել, որ Վարդազարյանի նկատմամբ որևէ հետապնդում չի հարուցվի, եթե նա հեռանա։

Ավելին, Ջհանգիրյանը խոստացել էր, որ սահմանված ժամկետում ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր, ինչպես նաև կմնա որպես ԲԴԽ անդամ։

Վարդազարյանն ասել է նաև, որ այսօր խնդիր է դրվել անհապաղ դադարեցնել իր լիազորությունները, որպեսզի ԲԴԽ անդամ, հետագայում նաև ԲԴԽ նախագահ նշանակվի Արթուր Դավթյանը, ում պաշտոնավարման ժամկետը՝ գլխավոր դատախազի պաշտոնում, լրանում է։

Ձայնագրությանն արձագանքել է նաև ԲԴԽ-ն՝ նշելով, որ Ջհանգիրյանը «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում»:

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:

Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Ջհանգիրյանի իմացության»,-ասվում է ԲԴԽ հայտարարության մեջ։