20 հունիսի 2022 - 18:59 AMT
«Հայաստան»․ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, սպառնալիքների փաստեր

«Հայաստան» դաշինքն, արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, հայտարարել է, որ ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրեր, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։

Նշվում է, նաև, որ այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

«Այսօր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից և ոչ մեկը։

Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։

Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․

1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլևս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,

2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,

3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։

Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է», - ասված է հայտարարությունում։

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ` ակնկալելով, որ նրանք

1) հրապարակավ դիրքորոշում կհայտնեն հրապարակված ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ,

2) հրապարակավ դիրքորոշում կհայտնեն՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են իրենց աջակցությանը։

Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)՝ 19։00-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Գլխավոր դատախազությունն արձագանքել է ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը` հայտնելով, որ այն ուղարկվել է Քննչական կոմիտե, իսկ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ԲԴԽ-ն ղեկավարելու հարց չի քննարկվել։

Հունիսի 20-ին հրավիրած ասուլիսի ընթացքում Վարդազարյանը հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրգործի որոշ հանգամանքների վերաբերյալ: Նա հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։ Դրանից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ասում եմ, որ այդ բոլորը կանգնեցված է, ես դրա գարանտն եմ։ Էդ բոլորը մոռացիր, դիր մի կողմ, դու ապագա ունես, երեխեք ունես, տուն ունես»,- ասել է Ջհանգիրյանը՝ հորդորելով հրաժարական տալ։