21 հունիսի 2022 - 11:43 AMT
ՀՀ-ն և ՌԴ-ն հուշագիր են կնքել․ Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF) շրջանակում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ հուշագիր է ստորագրվել Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել նաև Տյումենի մարզի կառավարության հետ, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։

Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։