21 հունիսի 2022 - 13:13 AMT
ԵԽԽՎ նիստին մասնակցող ընդդիմադիրները հանդիպել են ՀՀ հարցով զեկուցողներին

ԵԽԽՎ լիագումար նիստին ներկա գտնվող Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի հարցով զեկուցողներ Բորիանա Աբերգին և Կիմմո Կիլյունեին։

Ընդդիմադիր պատվիրակները նրանց են ներկայացրել անցած ժամանակահատվածում համաժողովրդական շարժման գործողությունները, պահանջները, խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ ժողովրդի` իրական կարմիր գծերի վերաբերյալ պատկերացումների մասին, ասվում է ՀՀԿ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զեկուցողներին են ներկայացվել նաև «ոստիկանական բռնությունների, հատուկ միջոցների կիրառման մասին փաստեր, խոսել են նաև քաղբանտարկյալների մասին»։

«Հայաստանի հարցով զեկուցողները նաև տեղեկացվել են ԲԴԽ կասեցված լիազրություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության բովանդակության, Ապարանի` մահվան ելքով կրակոցների, երկրում տարածվող ատելության մթնոլորտի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։