21 հունիսի 2022 - 11:53 AMT
Մոսկվայի բորսայում կսակարկվի նաև հայկական դրամը

Հունիսի 27-ից Մոսկվայի բորսայում կսակարկվի նաև հայկական դրամը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«2022 թվականի հունիսի 27-ից Մոսկվայի բորսայի արժութային շուկայում կսակարկվեն նաև հայկական դրամը, ինչպես նաև ուզբեկական սումն ու հարավաֆրիկյան ռենդը։ Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, ինչպես նաև նրանց հաճախորդների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրային հնարավորությունները»,-ասվում է բորսայի հայտարարության մեջ։

Սակարկությունների մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար-հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR), հայկական դրամ-ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար-հայկական դրամ (USD/AMD) և ուզբեկական սում-ռուսական ռուբլի (UZS/RUB) արժութային զույգերի համար սփոթ և սվոփ գործիքները։