22 հունիսի 2022 - 15:06 AMT
Հակագազերով ակցիա` ՀՀ-ում կենսալաբորատորիաների գործունեության դեմ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության:

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են պաստառներ՝ «Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ», «Հանրային առողջությունը վտանգելն անթույլատրելի է» գրություններով, նրանցից ոմանք էլ հակագազերով են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ակցիան կազմակերպել էին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը։

«Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել»,- հայտարարել է ակցիայի նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը:

Ակցիայի մասնակիցները նաև փոքրիկ ներկայացում էին բեմադրել, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Բիլ Գեյթսի և Ջորջ Սորոսի պատկերներով դիմակներ էին կրում:

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական կողմը հարցեր է բարձրացնում կենսաբանական անվտանգության առումով, ասել է, որ կենսալաբորատորիաների վերաբերյալ ռուս գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։