22 հունիսի 2022 - 18:22 AMT
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին․ Կարգավորում ենք հարցերը գործընկերների հետ երկկողմ ձևաչափով

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանում ՌԻԱ Նովոստի գործակալության արգելափակմանն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, հույս է հայտնել, որ նման միջադեպերի քանակը հնարավորինս կնվազի։

Նա նշել է նաև, որ առկա և առաջացող հարցերը Մոսկվան կարգավորում է գործընկերների հետ երկկողմ ձևաչափով։

«Ես միշտ ելնում եմ նրանից, որ ԶԼՄ-ների և նրանց գործունեության հետ կապված հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով երկու հիմնարար բան՝ համապատասխանությունն օրենքին և հարգանքը խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ, ինչն արձանագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում»,- ասել է Զախարովան:

Հունիսի 3-ին հրապարակված Բեգլարյանի հարցազրույցից հետո Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքն արգելափակվել էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «անջատողական միտումներով» այդ հարցազրույցի հրապարակումը «ստվերում է խաղաղության հաստատմանն ուղղված ՌԴ ջանքերը» և հակասում է ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային փոխգործակցության մասին 2022թ․ հռչակագրին: