23 հունիսի 2022 - 13:32 AMT
Փաշինյան․ Բոլոր կապիտալ ծրագրերը թերակատարվում են՝ գումարը տալիս ենք, շինարարները մեր հետևից չեն հասցնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի այն դիտարկմանը, որ ցանկալի կլիներ ինտենսիվացնել կապիտալ ծրագրերի կատարումը, ասել է, որ որևէ կապիտալ ծրագրի իրագործում չի դանդաղում ֆինանսավորման պակասի պատճառով։

«Մեր բոլոր կապիտալ ծրագրերը թերակատարվում են։ Դա խնդիրն է։ Շինարարները մեր հետևից չեն հասնում, գումարը տալիս ենք` չեն հասցնում կառուցել»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա։

Նա նշել է, որ հրապարակումներ են եղել, շինարարները բողոքել են, որ իրենց գումարները չեն տրվում։

«Չեն տրվում այն դեպքում, եթե աշխատանքները որակով չեն իրականցվում։ Որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար վճարվելու է։ Խոտանի համար պետությունն ինչո՞ւ պետք է վճարի։

Նա հավելել է, որ տպավորություն են ուզում ստեղծել, թե ֆինանսական խնդիր կա, սակայն կառավարությունը 2018-ից ի վեր երբևէ որևէ ֆինանսական խնդիր չի ունեցել։

Վարչապետը նաև նշել է, որ հիմա շրջանառության մեջ է մի առաջարկ, որով պետք է ռեյտինգավորվեն կապալառու ընկերություններին։

«Դեպքեր կան, մարդիկ հաղթում են մրցույթում, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն կատարում աշխատանքները, իսկ պետությունը լծակներ չունի»,-ասել է նա։ ‌